Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մասնակցի համար շատ կարևոր է, թե ով է իրենց դատում, ում ձեռքից է մրցանակ ստանում»

«Մասնակցի համար շատ կարևոր է, թե ով է իրենց դատում, ում ձեռքից է մրցանակ ստանում»
05.06.2017 | 18:43

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարեցին 14-րդ փառատոնի մեկնարկի մասին: Փառատոնը երևանյան մշակութային կյանքը կաշխուժացնի

հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ բնորոշմամբ` «Ոսկե ծիրանը» մեր իրականության մեջ ոչ միայն կինոյի տոն է, այլև արվեստի, մշակույթի տոն է, տրամադրության տոն: Նախարարը վստահ է, որ փառատոնը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանում կինոյի զարգացման գործում, քանի որ այն
հարթակ է, որտեղ պետք է շփվեն, մտքեր, նաև գործարար ծրագրեր փոխանակեն կինոարտադրողները, կինոգործիչները, նաև այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ դաշտով:

«Չնայած այս տարվա ֆինանսական դժվարագույն պայմաններին` փառատոնը ոչնչով չի զիջելու նախորդներին, ավելին, եթե տարբերվի, ապա ընդգրկուն հաշվետվությամբ, բարձր որակով»,- ընդգծեց Արմեն Ամիրյանը, հավելելով, որ եթե չլիներ «ՎիվաՍել» ընկերության աջակցությունը, պետության միջոցներով դժվար կլիներ հասնել այն ամենին, ինչ ունենք այսօր:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ փորձում են բերել աշխարհի լավագույն ֆիլմերը, այդ թվում` 8 ֆիլմ Կաննից` հանդիսատեսի ընտրությամբ:


Փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ ներկայացրեց հիմնական մրցութային չորս ծրագրերի միջազգային ժյուրիների կազմը: «Ամեն տարի մենք շեշտում ենք, որ փառատոնի մակարդակը որոշ չափով կախված է ժյուրիների հեղինակությունից և ծրագրերի գեղարվեստական որակից, և դա հիմք ընդունելով, աշխատում ենք, որ ժյուրիները լինեն հեղինակավոր ստեղծագործողներ: Մասնակցի համար շատ կարևոր է, թե ով է իրենց դատում, ում ձեռքից է մրցանակ ստանում»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարեց բացման-փակման ֆիլմերը:


Փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Խասփուշն» է: Հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն այս տարի դառնում է 90 տարեկան: Ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:
Փառատոնը կամփոփվի Հայոց ցեղասպանության մասին պատմող Ջո Բեռինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմով: Սուսաննա Հարությունյանը նշեց, որ վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում:

Այն «Խոստում» ֆիլմի նկարահանողների մասին է, ինչը ֆիլմի հեղինակի համար առիթ է ցեղասպանության թեման բարձրաձայնելու, վերլուծելու վերապրածների վավերագրական կադրերը, խոսելու ռեժիսորների հետ, որոնք անդրադարձել են ցեղասպանության թեմային:

«Ոսկե ծիրանն» այս տարի ստացել էր ավելի քան 1000 հայտ՝ 96 երկրներից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: Փառատոնի պաշտոնական ազդագիրը ներկայացնում է արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ